Տավուշյան գաստրոբակում՝ կյանքն ինչպես որ կա

Տավուշյան գաստրոբակում՝ կյանքն ինչպես որ կա

Տավուշի մարզի Նորաշեն գյուղում են միայն պատրաստում տեղանքին բնորոշ խանգյալ ճաշատեսակը՝ միայն չորաթանի թանով: Ճաշատեսակ, որը բնորոշ է հենց Տավուշի մարզին, իսկ չորաթանի թանով՝ Նորաշենին: Խանգյալ, կոնչոլ տավուշյան ճաշատեսակներն են առաջարկում Տավուշի մարզի Նորաշեն համայնքում գործող գաստրոբակում:

279353786_7462213763850845_8417484804381283024_n.jpg (79 KB)

Իսկ թե ինչ է խանգյալը, նաև չորաթանը, կոնչոլը, կորկոտը, խաշիլ, ջրի փթռուկ ճաշատեսակները. այս ամենը բացահայտելու համար զբոսաշրջիկները կամ պարզապես տավուշյան նիստ ու կացով, խոհանոցով հետաքրքրվողները կարող են բացահայտել «Զովակ» գաստրոբակում:

Նշենք, որ «Զովակ» գաստրոբակ EU4Youth SEED «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը սահմանամերձ շրջաններում Կանաչ առաջընթացի համար» ծրագրի կողմից աջակցություն ստացած նախագիծ է:

«Զովակ» գաստրոբակում անցկացվում են տեղական կերակրատեսակների պատրաստման վարպետաց դասեր, ֆերմերների համար իրականացնում են դասընթացներ: Սովորեցնում են, թե ինչպես կազմակերպել իրենց տնտեսությունը, որպեսզի կարողանան վարպետաց դասերի և ֆերմային կից կացարաններում գիշերակաց ապահովելու միջոցով լրացուցիչ եկամուտներ ստանան:

Էթնոգաստրոբակի աշխատակիցները գյուղի բնակիչներն են. ծրագիրը խթանում է տարածաշրջանի կանանց և երիտասարդների ներգրավումը բիզնեսում:

279723584_10229121240279396_7570826052857140098_n.jpg (48 KB)

«Կանաչ արահետ» ՀԿ-ի  «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը սահմանամերձ շրջաններում Կանաչ առաջընթացի համար» ծրագրի համակարգող Լուսինե Վերդյանն ասում է, որ գաստրաբակի նախագծի համար 2021թ-ի հունիսին տրվել է մոտ 10 հազար եվրոյի համարժեք ֆինանսավորում,  նախագծին հավանություն տալուց հաշվի են առել պոտենցիալը, համայնքային զարգացման հեռանկարները, սահմանամերձ լինելու հանգամանքը:

 «Մինչև 5 տարվա մոնիտորինգ ենք անելու և ստուգելու ենք ծրագրի ընթացքը, վստահ եմ, որ ծրագիրը հաջողություն կունենա. մենք  հաջողություններով ուրախանում ենք, իսկ անհաջողությունները ևս մերն են»,- ասում է նա և հավելում, որ գաստրոբակում զգալի աշխատանքներ են կատարվել և արդյունքներն ակնհայտ են. Հողային աշխատանքներից մինչև կահավորված տարածք:

«Զովակ» գաստրոբակի հիմնադիր Գարիկ Փայտյանն իրեն համեմատում է Գիքորի հետ. Նախ Նորաշենից տեղափոխվել են Վանաձոր, ապա Երևան, սակայն կրթություն ստանալուց, աշխատելուց ու ամուսնանալուց հետո որոշել են վերադառնալ հայրենի գյուղ և գիտելիքները ներդնել հարազատ համայնքում:

2018թ-ին քարտեզագիր մասնագիտություն ստացած Գարիկ Փայտյանը սկսում է տարածաշրջանում  ագրոտուրիզմը զարգացնելուց, սկսում է աշխատեցնել հյուրատունը. հայրական տունը վերածում է  հյուրատան:

1082787.jpg (45 KB)

Նշում է, որ նախնական նկատել են այն բացերը, որոնք խանգարում են տուրիզմի զարգացմանը, նախ այն, որ սնման կետ տարածքում չկա և դրա համար պետք է վերադառնալ Բերդ, որը 15 րոպե հեռավորության վրա է Նորաշենից և սկսում են գաստրոբակի աշխատանքները:

«Գաստրոբակի թիրախում զբոսաշրջիկներն են, ում առաջարկում ենք տեղական և ավանդական ճաշատեսակներ: Այսօր մեր գաստրոբակի կիսապաշտոնական բացումն է՝ մտերմիկ շրջապատում: Մեր հյուրատունն այժմ վերանորոգվում է և մեր աշխատանքը նաև վարակիչ է. հյուրատներ են  բացվել  նաև հարևան գյուղերում՝ Արծվաբերդ, Տավուշ, Վերին Կարմիրաղբյուր»,- նշում է  Գարիկ Փայտյանը և հավելում, որ տավուշյան անտառներում դեռ շատ հնարավորություններ կան, որոնք պետք է վերածել պրոդուկտի՝ ինչի համար ժամանակ է պետք:

118148595_10223132756564781_1655689543785508101_n.jpg (521 KB)

Եվ այն, որ «Զովակ» գաստրոբակը արտերկրից անգամ օնլայն հարթակներով գտնում և պատվերներ են անում՝ հիմնադիրներին հույս է տալիս, որ տավուշյան ավանդական ճաշատեսակները, կախարդական բնությունն՝ իր թաքնված գանձերով, դեռ ասելիք ունեն թե ՛ տեղի, թե ՛  արտերկրի զբոսաշրջիկներին:

Իսկ ի՞նչ է հետաքրքրում զբոսաշրջիկներին՝ գալ Հայաստանի "աշխարհի ծայրը"․ Գարիկ Փայտյանը պատասխանում է՝ տեսնել իրական կյանքն ինչպես որ կա: